Հնդկական բանկերը համաձայն են ռուսական նավթի վճարումները կատարելուն, բայց միայն՝ երկու հիմնական պայմանի բավարարման դեպքում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ առաջին պահանջն այն է, որ նավթի մատակարարները դուրս մնան պատժամիջոցների ցանկից։ Երկրորդը՝ որ վճարումները լիովին համապատասխանեն սահմանված պատժամիջոցային կանոններին։

Մի քանի շաբաթ առաջ Հնդկաստանի բանկերը խուսափում էին ռուսական բեռների հետ կապված ցանկացած գործարքից՝ հղում անելով մատակարարման շղթայի ստուգման դժվարություններին։ Ըստ աղբյուրների՝ այժմ իրավիճակը փոխվել է. վճարումները կարող են կատարվել ԱՄԷ դիրհամով և չինական յուանով։ Միևնույն ժամանակ, խստացվում է նավթի ծագման և այն տեղափոխելու համար օգտագործվող նավերի վերահսկողությունը, ներառյալ տանկերների պատմության ստուգումը և պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների հետ կապված հնարավոր վերբեռնման գործողությունները։

Bloomberg-ը նաև նշել է, որ Ռուսաստանը Հնդկաստանին Urals նավթ է առաջարկում ռեկորդային զեղչով։ Դա պայմանավորված է նրանով, որ շատ հնդկական վերամշակման գործարաններ կրճատել են ռուսական նավթի գնումները ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, և վաճառողները ձգտում են պահանջարկի անկումը փոխհատուցել ավելի գրավիչ գներով։