Շվեյցարացի երկու օրենսդիր երկրի գլխավոր դատախազին խնդրել են հետաքննել շվեյցարացի առաջատար գործարարների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրած նվերների օրինականությունը, որոնք, ինչպես հաղորդվում է, տրվել են երկու երկրների միջև խոշոր սակագնային համաձայնագրի կնքումից մի քանի օր առաջ, հաղորդում է Ֆրանսպրեսը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի սկզբին, մի պատվիրակություն այցելեց Վաշինգտոն՝ փորձելով Թրամփին համոզել նվազեցնել շվեյցարական ապրանքների վրա 39-տոկոսանոց տուրքերը, որոնք ամենաբարձրերից են նրա գլոբալ մաքսային արշավի ընթացքում։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահի սեղանին հայտնվեցին Rolex ժամացույց և փորագրված ոսկե ձուլակտոր։

Երբ Վաշինգտոնը և Բեռնը 10 օր անց համաձայնության եկան շվեյցարական ապրանքների վրա տուրքերը 15 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ, կրկին ի հայտ եկան այսպես կոչված «ոսկե ձուլակտորի դիվանագիտության» քննադատությունները։

«Մենք կարծում ենք, որ նշյալ վիճելի իրադարձություններն արժանի են դատավարության»,- գլխավոր դատախազին ուղղված քրեական հայցում նշել են «Կանաչների» կուսակցության պատգամավորներ Ռաֆայել Մահայիմը և Գրետա Գիսինը։

«Սա վերաբերում է մեր ինստիտուտների նկատմամբ վստահությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին և Շվեյցարիայի միջազգային հեղինակությանը»,- հավելել են նրանք նոյեմբերի 26-ի նամակում: Պատգամավորները դատախազությանը հորդորել են հետաքննել, թե արդյոք նվերները խախտում են Շվեյցարիայի՝ կաշառակերության դեմ պայքարի օրենքները, թե՞ կազմում են «անօրինական առավելություն՝ Շվեյցարիայի քրեական օրենսդրության համաձայն»։

«Նվերների արժեքն անհայտ է, և ԱՄՆ նախագահին տրված նվերների վերջնական նշանակման վայրի մասին հանրային տեղեկությունը թերի է»,- հավելել են նրանք: