Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն ուրբաթ հրաժարական է տվել՝ խոստովանելով, որ իր ռեզյումեում ստել է իր կրթության մասին, նշելով, թե չի ցանկանում, որ «իր անձնական սխալներն ուշադրությունը շեղեն երկիրը Ռուսաստանից պաշտպանելու կարևորագույն գործից», հաղորդում է Reuters-ը։

Մոստեանուի հրաժարականին նախորդել է Libertatea օրաթերթի այս շաբաթվա հրապարակումը, ըստ որի նախարարի ռեզյումեում սխալ տեղեկություն է եղել համալսարանում սովորելու և այն ավարտելու վերաբերյալ:

«Ռումինիան և Եվրոպան ճնշման տակ են Ռուսաստանի կողմից, - գրել է Մոստեանուն իր Ֆեյսբուքյան էջում՝ հայտարարելով իր հրաժարականի մասին,- Մեր ազգային անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած գնով։ Ես չեմ ցանկանում, որ իմ կրթության և տարիներ առաջ թույլ տված սխալների մասին քննարկումները երկիրը ղեկավարողների ուշադրությունը շեղեն իրենց դժվարին առաքելությունից»։

Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան 650 կիլոմետրանոց ցամաքային սահման ունի Ուկրաինայի հետ։

Մոստեանուն Ռումինիայի եվրոպամետ կոալիցիոն կառավարության անդամ էր, որը իշխանության եկավ հունիսին՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո։ Առաջին նախագահական ընտրությունները չեղարկվել են անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ռուսաստանի միջամտության կասկածների պատճառով։ Լիբերալ վարչապետ Իլիե Բոլոյանը շնորհակալություն է հայտնել Մոստեանուին պաշտոնավարման հինգ ամսվա համար և հայտարարել, որ էկոնոմիկայի նախարար Ռադու Միրուտան կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը։ «Փրկում ենք Ռումինիան» միութենական կուսակցությունը, որին պատկանում են Մոստեանուն և Միրուտան և որն իշխող կոալիցիայի մաս է կազմում, կնշանակի պաշտպանության նոր նախարար։