Կիևը պետք է հետապնդի քաղաքականության և բիզնեսի կոռումպացված գործիչներին, եթե ցանկանում է միանալ ԵՄ-ին, զգուշացրել է Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյան, քանի որ կաշառակերության մեղադրանքների աճի պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշումը մեծանում է։
Politico-ին տված հարցազրույցում ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Մայքլ ՄըքԳրաթը հայտարարել է, որ եվրոպական կառավարությունները կաջակցեն Ուկրաինայի նման թեկնածու երկրին միանալ 27 անդամներից բաղկացած դաշինքին, եթե Կիևն ապացուցի, որ հասարակության վերին շերտերում հանցավորությունն արմատախիլ անելու արդյունավետ համակարգ ունի։
ՄըքԳրաթը նշել է, որ իր կարծիքով Կիևը «ամեն ջանք» գործադրում է կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ հավելելով, որ ինքը մշտական կապի մեջ է երկրի իշխանությունների հետ՝ զարգացումների վերաբերյալ։
Նա խոսել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտից մոտ 100 միլիոն դոլար հափշտակելու ենթադրյալ դավադրության վերաբերյալ հարցերին ի պատասխան, քանի որ հետաքննությունն ընդլայնվում է՝ ներառելով Զելենսկու և նրա կառավարությանը մոտ կանգնած բարձրաստիճան անձանց։
«Յուրաքանչյուր թեկնածու երկիր պետք է ունենա ամուր համակարգ՝ կոռուպցիայի ենթադրյալ բարձր մակարդակի դեմ պայքարելու համար,- ասել է նա։ -Դուք պետք է ունենաք հետաքննության, վերջնական արդյունքում՝ քրեական հետապնդման և դատապարտման հուսաի համակարգ, և այդ ոլորտում արդյունավետության ցուցադրումը այն է, ինչ մենք պահանջում ենք մեր բոլոր անդամ պետություններից և, իհարկե, Եվրամիությանը միանալ ցանկացողներից»։
ՄըքԳրաթի հարցազրույցից հետո կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննիչները ընթացիկ հետաքննության շրջանակում խուզարկել են Զելենսկու ամենաազդեցիկ խորհրդական Անդրեյ Երմակի գրասենյակը։ Ուրբաթ երեկոյան Զելենսկին աշխատանքից ազատել է Երմակին՝ հայտարարելով, որ «ասեկոսեների և շահարկումների» ցանկություն չունի:
Լրատվամիջոցները շեշտում են, որ հետաքննությունն անցկացվում է Ուկրաինայի համար կարևորագույն պահին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկու վրա ճնշում է գործադրում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, ինչը կարող է պահանջել, որ նա Ռուսաստանին հողեր զիջի։





























