Այս շաբաթ Շվեդիայի կառավարությունը զորավարժություններ է անցկացրել, որոնք մոդելավորել են լարված ազգային անվտանգության իրավիճակը, որի համատեքստում բարձրացվել են պատերազմի և ռազմական սպառնալիքների հարցեր, հայտնել է Շվեդիայի կառավարությունը։
Ըստ հայտարարության՝ զորավարժությունների առանձին փուլերն անցկացվել են Նորին Մեծություն Թագավորի, Նորին Թագավորական Մեծություն Թագաժառանգ արքայադստեր և խորհրդարանի անդամների մասնակցությամբ, Շվեդիայի զինված ուժերի, Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և պատրաստվածության վարչության և այլ համապատասխան գերատեսչությունների հետ միասին։ Նման մասշտաբի և մասնակիցների այդքան լայն շրջանակով զորավարժություն չի անցկացվել 1990-ական թվականներից ի վեր։
«Զորավարժությունն անցկացվում է կառավարության նախաձեռնությամբ։ Կարևոր է համատեղ մարզվել, հատկապես հաշվի առնելով ներկայիս անվտանգության իրավիճակը։ Քայլ առ քայլ, զորավարժություն առ զորավարժություն մենք ամրապնդում ենք Շվեդիայի համապարփակ պաշտպանական համակարգը և դրա դիմադրության պատրաստվածությունը»,- զորավարժությունները մեկնաբանել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։
Այս անգամ ընտրված սցենարը Շվեդիայում և հարակից շրջաններում անվտանգության իրավիճակի լուրջ փոփոխություն էր։ Զորավարժության նպատակն էր քննարկել, թե ինչ է անհրաժեշտ Շվեդիայի անվտանգությունը պահպանելու համար այս մտացածին իրավիճակում: Զորավարժության նպատակն էր նաև ամրապնդել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների միջև համագործակցությունը։
Հատկանշական է, որ զորավարժության մասին հայտարարությունը թարգմանվել է նաև ռուսերեն։





























