Պաշտոնական անձինք ուրբաթ օրը հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները սառեցնում է ապաստան տրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտացրեց իր հականերգաղթային դիրքորոշումը։ Այս քայլը տեղի է ունեցել այս շաբաթ Վաշինգտոնում Աֆղանստանի մի քաղաքացու կողմից Ազգային գվարդիայի երկու զինծառայողի ենթադրյալ գնդակահարությունից հետո, հայտնում է AFP-ն։
Զինվորների վրա չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումը, որոնցից մեկը մահացել է ստացած վերքերից, նոր ռեպրեսիաներ է առաջացրել Միացյալ Նահանգներում գտնվող օտարերկրացիների նկատմամբ և Թրամփը նաև խոստացել է կասեցնել միգրացիան «երրորդ աշխարհի երկրներից»։
ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS) տնօրեն Ջոզեֆ Էդլոուն հայտարարել է, որ իր գերատեսչությունը «սառեցրել է ապաստան տրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները, մինչև որ մենք կարողանանք ապահովել յուրաքանչյուր օտարերկրացու հնարավոր ամենախորը ստուգումը»։
Այս որոշումը հետևել է Թրամփի կողմից հինգշաբթի ուշ երեկոյան արված հայտարարությանը՝ «երրորդ աշխարհի բոլոր երկրներից միգրացիան ընդմիշտ կասեցնելու» պլանների մասին, որպեսզի «թույլ տրվի ամերիկյան համակարգին լիովին վերականգնվել»։
Այն հարցին, թե որ երկրները կլինեն, Ներքին անվտանգության նախարարությունը (Ministry of Homeland Security) AFP գործակալությանը մատնանշել է 19 երկրների ցանկը, ներառյալ Աֆղանստանը, Կուբան, Հաիթին, Իրանը և Մյանմարը, որոնք արդեն հունիսից բախվել էին ԱՄՆ մուտքի վերաբերյալ սահմանափակումների հետ։
Մինչդեռ, Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը բոլոր այն անձանց, ովքեր ճանապարհորդում են աֆղանական անձնագրերով։ «Միացյալ Նահանգներն իր համար ավելի բարձր առաջնահերթություն չունի, քան մեր երկրի և մեր ժողովրդի պաշտպանությունը», – ասել է նա։





























