Եվրահանձնաժողովն (ԵՀ) այս շաբաթ արդեն երկրորդ անգամ է հետաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ներկայացումը ԵՄ երկրների դեսպաններին։ Ինչպես հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով դիվանագետներին, փաստաթղթերը պետք է փոխանցվեին չորեքշաբթի օրը։
Դիվանագետների խոսքով՝ ուշացումը կարող է կապված լինել ԵՀ-ի՝ ԱՄՆ-ին համոզելու փորձերի հետ, որպեսզի վերջինս միանա ծովային փոխադրումների հետ կապված պատժամիջոցներին։ Դիվանագետներն ակնկալում են, որ Բրյուսելը միջոցները կներկայացնի ուրբաթ օրը, իսկ ԵՄ երկրների մայրաքաղաքների կողմից հաստատումը նախատեսված է փետրվարի 24-ին, պնդում է պորտալը։ Ըստ առկա տեղեկությունների՝ պատժամիջոցները կարող են ներառել այսպես կոչված «ստվերային նավատորմի» ծովային սպասարկման լիակատար արգելք, ինչպես նաև ավելի խիստ սահմանափակումներ՝ շքեղության առարկաների արտահանման և ռուսական պարարտանյութերի ներկրման վրա։
Փետրվարի 2-ին Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է արգելել համայնքի երկրներին Ռուսաստանից գնել պլատին, պղինձ, իրիդիում և ռոդիում, ինչն իր արտացոլումը կգտնի պատժամիջոցների 20-րդ փաթեթում:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ հայտարարել է, որ նախատեսում է հաստատել 20-րդ փաթեթը մինչև փետրվարի 24-ը՝ չմեկնաբանելով դրա բովանդակությունը:





























