Եվրոպական միությունն ակտիվորեն մշակում է Ուկրաինայի անդամակցությունն արագացնելու պլանը։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, որոնք նախագիծն անվանել են «հակադարձ ընդլայնում»:

ԵՄ առաջին քայլը կլինի Ուկրաինային «նախնական աջակցության» ցուցաբերումը՝ բանակցությունների ընթացքում ոչ պաշտոնական ուղեցույցների տրամադրման տեսքով, որոնք վերաբերում են անդամակցության ճանապարհին իրավական միջոցառումներին։ ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներն արդեն քննարկել են այդ վեց միջոցառումներից երեքը և նախատեսում են շարունակել քննարկումը մարտին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Politico-ն նշում է, որ ԵՄ-ն մտադիր չէ զիջումների գնալ բարեփոխումների որակի հարցում։

Երկրորդ քայլը կարող է լինել ԵՄ անդամակցության պարզեցված մոդելի ստեղծումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի շարք տարբերակներ է առաջարկել, որոնց թվում է նաև «հակադարձ ընդլայնումը», որը կարող է փոխել Եվրամիությանը երկրների միացման սահմանված չափանիշները։ «Դուք միանում եք, իսկ հետո ձեզ աստիճանաբար տրվում են իրավունքներ և պարտականություններ», - մեջբերել է Politico-ն աղբյուրի մեկնաբանությունը։ ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ այս կերպ նրանք մտադիր են ազդակ հղել այն երկրներին, որոնց միացումը ձգձգվում է հակամարտությունների կամ ԵՄ որոշ անդամների հակազդեցության պատճառով։

Հաջորդ քայլը վերաբերում է Եվրամիության կազմում Հունգարիայի դիրքորոշման հաղթահարմանը։ Այսպիսով, որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ հույս ունեն, որ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հնարավոր է պարտություն կրի առաջիկա ընտրություններում, ինչի արդյունքում Հունգարիան կարող է գլխավորել Ուկրաինայի նկատմամբ ավելի լոյալ քաղաքական գործիչ։ Չորրորդ քայլը կարող է լինել Վաշինգտոնի օգնությամբ Օրբանի վրա ճնշում գործադրելու փորձը։ ԵՄ ներկայացուցչի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն իսկ ազդեցություն է ունեցել Հունգարիայի վարչապետի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկման ժամանակ։

Որպես հինգերորդ քայլ՝ եվրոպացի դիվանագետները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը՝ կիրառելով Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածը, որն ամենալուրջ քաղաքական պատժամիջոցն է։ Այն կարող է օգտագործվել, եթե կասկած կա, որ ԵՄ որևէ անդամ խախտում է դաշինքի արժեքները։ Այս պահին Եվրամիությունը մտադիր չէ Բուդապեշտի նկատմամբ կիրառել 7-րդ հոդվածը, սակայն այդ հարցին կարող են վերադառնալ ընտրություններում Օրբանի հաղթանակի դեպքում, ընդգծում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։