ԱՄՆ ներգաղթի հարցերով բարձրաստիճան պաշտոնյան ուրբաթ օրը հայտնել է, որ երկու դաշնային գործակալներ հեռացվել են աշխատանքից և գտնվում են քննության տակ՝ անցյալ ամիս Մինեապոլիսում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ սուտ ցուցմունք տալու մեղադրանքով։ Հրաձգության հետևանքով վիրավորվել էր վենեսուելացի ներգաղթյալ, հայտնում է AFP-ն։
«Տեսապացույցները ցույց են տվել, որ երկու տարբեր սպաների կողմից երդման տակ տրված ցուցմունքները, ըստ ամենայնի, կեղծ պնդումներ են պարունակում»,— ասված է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Թոդ Լայոնսի հայտարարության մեջ։ — «Երկու սպաներն էլ անմիջապես ուղարկվել են վարչական արձակուրդի՝ մինչև մանրակրկիտ ներքին հետաքննության ավարտը։ Երդման տակ ստելը ծանր դաշնային իրավախախտում է»։
Այս հայտարարությունն արվել է Ալֆրեդո Ալեխանդրո Ալջորնայի և Խուլիո Սեսար Սոսա-Չելիսի վրայից մեղադրանքները հեռացնելու հաջորդ օրը։ Նրանք հունվարի 14-ին Մինեապոլիսում ICE-ի աշխատակցի կողմից վիրավորվել էին ոտքի շրջանում։ ԱՄՆ դատախազ Դենիել Ռոզենը դատարան ներկայացրած իր դիմումի մեջ նշել է, որ մեղադրանքները հանվել են, քանի որ «այս գործով նոր հայտնաբերված ապացույցները էապես հակասում են երկու տղամարդկանց դեմ ներկայացված բողոքում տեղ գտած պնդումներին»։
Հրաձգության վերաբերյալ իր սկզբնական հայտարարության մեջ Ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, թե «Վենեսուելայից ժամանած անօրինական ներգաղթյալը» կանգնեցվել է տրանսպորտային ստուգման նպատակով և դիմադրություն է ցույց տվել ձերբակալման ժամանակ։
«Մինչ սուբյեկտը և իրավապահ մարմնի աշխատակիցները կռվում էին, հարևան բնակարանից դուրս են եկել երկու անհայտ անձինք և նույնպես հարձակվել իրավապահի վրա՝ ձյուն մաքրելու բահով և ավելի կոթով»,- հայտնել են գերատեսչությունից։
Այնուհետև սպան «ինքնապաշտպանական կրակոց է արձակել՝ իր կյանքը պաշտպանելու համար»՝ դիպչելով առաջին տուժողի ոտքին։
Հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից մեկ շաբաթ անց, երբ Մինեապոլիսում դաշնային գործակալը գնդակահարել էր ԱՄՆ 37-ամյա քաղաքացի և երեք երեխաների մայր Ռենե Գուդին, ինչը բողոքի ցույցերի ալիք էր բարձրացրել նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային ռեյդերի դեմ։
Հունվարի վերջին ԱՄՆ քաղաքացի Ալեքս Փրեթիի սպանությունը երկրում բացասական արձագանք է առաջացրել Մինեապոլիսում իրականացվող ագրեսիվ և խիստ քաղաքականացված բռնաճնշումների դեմ։ Թրամփի ներգաղթային ծառայության ղեկավար Թոմ Հոմանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ վարչակազմը դադարեցնում է Մինեսոտտայում իր ագրեսիվ ներգաղթային գործողությունը։




























