Առնվազն վեց մարդ է մահացել Շվեյցարիայի արևմտյան Կերցեր քաղաքում ավտոբուսի հրդեհի հետևանքով, հաղորդում է APnews-ը։

Ըստ Շվեյցարիայի ոստիկանության խոսնակ Ֆրեդերիկ Պապոյի՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 10-ի երեկոյան։ Նա նշել է, որ իրավապահ մարմինները ներկայումս հետաքննում են, թե արդյոք մեքենան դիտավորյալ է հրկիզվել, սակայն վերջնական եզրակացությունը կկայացվի հետաքննության ավարտից հետո։

Այրված ավտոբուսը պատկանում էր PostBus ընկերությանը, որը ազգային փոստային ծառայության մաս է կազմում։ Շվեյցարական լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջությամբ այրվում։

«Փրկարարական ծառայությունները ժամանել են դեպքի վայր և հայտնաբերել են ավտոբուսն ամբողջությամբ այրված», - ասվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ։

Ըստ ոստիկանության՝ երեք ծանր վիրավորներ ուղղաթիռով և շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս երկուսին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։