ԱՄՆ Սենատի դեմոկրատները նամակ են գրել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ պահանջելով պատասխանել պատերազմի սկզբում Իրանի աղջիկների դպրոցին հասցված հարվածի վերաբերյալ հարցերին։ Իրանական իշխանությունների տվյալներով՝ այդ հարվածի զոհ է դարձել 168 մարդ, այդ թվում՝ շուրջ 110 երեխա, հայտնում է BBC-ն
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ ռազմական քննիչների կարծիքով՝ միջադեպի պատասխանատվությունը, հավանաբար, կրում են ամերիկյան ուժերը, սակայն վերջնական եզրակացության դեռևս չեն հանգել։ Պենտագոնը հայտարարել է, որ հետաքննություն է իրականացնում։
Նամակը ստորագրել են Սենատի գրեթե բոլոր դեմոկրատները։ Դրանում Հեգսեթի առջև մի շարք մանրամասն հարցեր են դրված Մինաբի հարվածի վերաբերյալ՝ սկսած այն հարցից, թե արդյոք հարվածն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից։
Սենատորները նաև հետաքրքրվում են, թե արդյո՞ք աղջիկների դպրոցի շենքին հասցված հարվածի պատճառ կարող էր դառնալ թիրախների հնացած կամ սխալ վերլուծությունը։ Բացի այդ, Հեգսեթին հիշեցրել են նրա իսկ խոսքերն այն մասին, որ այս պատերազմում «մարտական գործողությունների հիմար կանոններ» չեն լինելու և հարցրել են՝ արդյո՞ք նա հետևել է պատերազմական հանցագործությունների կանխմանն ուղղված կանոններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առանց ապացույցներ ներկայացնելու, հայտարարել էր, թե կարծում է, որ հարվածը հասցրել է Իրանը, թեև գոյություն ունեն տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է այդ դպրոցի մոտակայքում գտնվող իրանական բազային դիպչում ամերիկյան Tomahawk հրթիռը։
Անցյալ շաբաթ BBC-ի թղթակիցը մամուլի ասուլիսի ժամանակ Հեգսեթին հարց է ուղղել այս հարվածի վերաբերյալ։ Հեգսեթը պատասխանել էր, որ ԱՄՆ-ն թիրախ չի դարձնում քաղաքացիական անձանց և հետաքննություն է անցկացնում։ BBC-ն դիմել է Պենտագոնին՝ սենատորների նամակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։





























