Al Jazeera հեռուստաալիքը Լոնդոնի թագավորական քոլեջի ռազմական գիտությունների հրավիրյալ դասախոս, վերլուծաբան Սամիր Պուրիի հետ հարցազրույցում հարց է ուղղել այն մասին, թե արդյոք իրանական Խարգ կղզուն «զվարճանքի համար» հնարավոր լրացուցիչ հարվածների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը կարող է հարվածել ԱՄՆ-ի՝ որպես հուսալի գործընկերոջ հեղինակությանը Պարսից ծոցի երկրներում։
«Երբ խոշոր պետությունը կամ գերտերությունը անվտանգության երաշխիքներ է առաջարկում, խոսքը ոչ միայն սպառազինության և բանակի հնարավորությունների մասին է, այլև դրան ուղեկցող ռազմավարական ողջախոհության ու այն մասին, որ տվյալ սուբյեկտը պատասխանատու է»,- ասել է Պուրին:
Ըստ Պուրիի, Թրամփի վարչակազմի մյուս անդամները ևս նույնկերպ են գործել, ինչը կարող է Պարսից ծոցի երկրներին ստիպել կասկածել, որ ԱՄՆ-ն կայուն ու երկարաժամկետ գործընկեր է:
«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, կարծես, մեծ հաճույք է ստանում նրանից, որ ավերածությունն իրականացվում է հանուն ավերածության՝ հաշվի առնելով, թե ինչպես է ԱՄՆ-ն մոտենում Իրանի հետ պատերազմին»,- հավելել է նա: Ըստ վերլուծաբանի, չնայած Իրանի և արաբական պետությունների միջև երկարաժամկետ մրցակցությանը, «առկա է նաև կայունության հասնելու ուժեղ ձգտում», և Պարսից ծոցի երկրները կհարցնեն իրենց՝ արդյոք ԱՄՆ-ն կկարողանա շարունակել պահպանել կայունությունը տարածաշրջանում:
«Սա հիմնավորված հարց է՝ հաշվի առնելով, որ դա, հնարավոր է, էլ ավելի արմատականացնի առանց այդ էլ արմատականացված իրանական թեոկրատական վարչակարգը, որն արդեն իսկ ապոկալիպտիկ պատկերացումներ ունի սեփական ճակատագրի և նահատակության զգացումի մասին: Դրանցից շատերը, ըստ նրանց, հաստատվել են՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել իրենց երկրին բանակցությունների ժամանակ»,- ասել է Պուրին:
Ավելի վաղ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է ևս մի քանի հարված հասցնել իրանական Խարգ կղզուն «պարզապես զվարճանքի համար»:
Ավելի վաղ՝ մարտի 14-ի գիշերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով «իրանական կայսրության մարգարիտ» Խարգ կղզու բոլոր ռազմական թիրախները:
Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաստատել էին ռմբակոծության փաստը:
Մասնավորապես, ըստ Press TV-ի տեղեկությունների, ամերիկյան ավիահարվածների հետևանքով ավելի քան 15 պայթյուն է որոտացել, և թանձր ծուխ է բարձրացել:
Իր հերթին Fars-ը հաղորդում է, որ կղզում ԱՄՆ-ի թիրախների թվում են եղել ռազմական օբյեկտը, ռազմածովային բազան և ուղղաթիռների կարգավարական աշտարակը:
Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է: