Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Իսրայելն ու Լիբանանը մտադիր են առաջիկա օրերին ուղղակի բանակցություններ վարել: Նա այս մասին ասել է օտարերկրյա լրատվամիջոցների հետ զրույցում՝ հյուսիսային Զարզիր բեդվինական քաղաքում իրանական հրթիռի ընկնելու վայրում։

Reuters-ի թղթակցի հարցին՝ կարո՞ղ է Սաարը հաստատել լուրերը, թե Բեյրութն ու Երուսաղեմը, ըստ սպասումների, կքննարկեն «Հեզբոլահին» դիմակայելու համաձայնագիրը և, հնարավո՞ր է, ավելի լայն համագործակցություն, Սաարը պատասխանել է. «Ո՛չ»:

«Եթե Լիբանանի կառավարությունն ու լիբանանյան բանակը ցանկանում են ինչ-որ բան փոխել, նրանք պետք է քայլեր ձեռնարկեն լիբանանյան տարածքից «Հեզբոլահի» իրականացրած հարձակումները դադարեցնելու համար: Մինչև այժմ նրանք որևէ էական բան չեն արել [«Հեզբոլահի» հարձակումները] կանգնեցնելու համար»,- ասել է Սաարը։

Ըստ Իսրայելի ԱԳ նախարարի, 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ միջնորդությամբ շարժման հետ կնքված զինադադարից ի վեր «Լիբանանն իրականում չի արել այն, ինչ պետք է աներ «Հեզբոլահին» վերացնելու համար»։

«Եվ հիմա մենք տեսնում ենք արդյունքները: Մենք նաև ակնկալում ենք, որ նրանք իրենց կողմից լուրջ քայլեր կձեռնարկեն՝ Իսրայելի ռմբակոծությունները դադարեցնելու համար: Դա գործնական քայլ է, որն անհրաժեշտ է անել հենց հիմա: Մենք բոլորս կողմ ենք խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը ապագայում, այդ թվում՝ Լիբանանի հետ: Կարծում եմ՝ Լիբանանի խնդիրը «Հեզբոլահն» է: Մենք Լիբանան պետության հետ լուրջ տարաձայնություններ չունենք: Ունենք սահմանային մի քանի աննշան վեճեր, որոնք կարող են բավականին հեշտությամբ լուծվել: Բայց խնդիրը «Հեզբոլահն» է»,- ասել է Սաարը:

Ավելի վաղ Haaretz պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ հավանական է, որ առաջիկա օրերին Իսրայելն ու Լիբանանն ուղղակի բանակցություններ կվարեն, որոնք առաջինը կլինեն Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր։

Ըստ իսրայելական լրատվամիջոցի, բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Դրանք կարող են տեղի ունենալ Փարիզում կամ Կիպրոսում։ Իսկ իսրայելական պատվիրակությունը կգլխավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վստահված անձ Ռոն Դերմերը: