Բրիտանիայի էներգետիկ անվտանգության նախարար Էդ Միլիբենդը կիրակի Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտեցնելու անհրաժեշտության մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է այլ երկրներից օգնել պաշտպանել Հորմուզի նեղուցով անցնող նավթի համաշխարհային մատակարարումները:

«Այժմ նպատակը պետք է լինի հակամարտության դեէսկալացիան: Բանակցում ենք մեր դաշնակիցների հետ: Կան տարբեր եղանակներ, որոնց միջոցով կարող ենք հնարավոր դարձնել ծովային նավագնացությունը: Մեր դաշնակիցների հետ համատեղ ինտենսիվորեն ուսումնասիրում ենք, թե ինչ կարելի է անել, քանի որ մեզ համար շատ կարևոր է նեղուցը նորից բացելը»,- ասել է Միլիբենդը:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ՝ շաբաթ օրը, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր. «Ինչպես արդեն նշել ենք, այժմ մեր դաշնակիցների և գործընկերների հետ քննարկում ենք տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման մի շարք տարբերակներ»:

Ավելի վաղ Հարավային Կորեան, անդրադառնալով ԱՄՆ նախագահի առաջարկին, հայտարարել էր «մանրակրկիտ ուսումնասիրման» անհրաժեշտության մասին: Ճապոնիայում իրենց հերթին նշել են, որ նավերն ուղեկցելու համար Մերձավոր Արևելք ճապոնական ռազմական նավեր ուղարկելու ցանկացած որոշում կբախվի «լուրջ խոչընդոտների»:

Միաժամանակ Ֆրանսիան հերքել է տեղեկություններն այն մասին, թե երկրի ռազմածովային ուժերը պատրաստվում են 10 ռազմական նավ ուղարկել Մերձավոր Արևելք:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ շատ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ կարող են ռազմական նավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար:

Այն երկրների թվում, որոնց վրա նա հույս ունի, Թրամփը մասնավորապես նշել էր Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը: