Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնյան հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունների հետևանքով վեց հիվանդանոց է տարհանվել։

Երկրի առողջապահական համակարգն առայժմ գլուխ է համում իրավիճակից, և իշխանություններն արտակարգ օգնության խնդրանքով չեն դիմել միջազգային կազմակերպությանը։

«Իրանի առաջնային առողջապահական համակարգը և առողջապահական ենթակառուցվածքները բավականին ուժեղ և դիմացկուն են, և դրանք ներկա պահին ի վիճակի են բուժել վիրավորներին»,- Reuters-ին ասել է ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանան Բալխին։

Ժնևում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին երկուշաբթի հայտարարել է, որ փետրվարի 28-ին սկսված հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1300 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 7000 մարդ։

ԱՀԿ-ն, որը գրասենյակ ունի Թեհրանում և հիվանդությունների կառավարման գործում աջակցում է Իրանի իշխանություններին, գրանցել է առողջապահական հաստատությունների վրա 18 հարձակում և ութ առողջապահական աշխատողի մահ։

Բալխին հավելել է, որ կազմակերպությունը ծրագրեր ունի արագ մարդասիրական օգնություն հասցնելու, եթե իրավիճակը վատթարանա։

Նա նշել է, որ ռիսկերից մեկը վնասված նավթային օբյեկտներից թունավոր նյութերի արտահոսքի հետևանքով առաջացող «սև անձրևն» է, որը կարող է մեծացնել առողջապահական համակարգի բեռը՝ շնչառական հիվանդությունների աճի պատճառով։