Ընկերները թանգարանում զբոսնելիս 10 հազար տարեկան մամոնտի ժանիք են կոտրել, գրում է New York Post-ը։
Ոստիկանության տվյալներով՝ 46-ամյա Բրեթ Հովարդը և 48-ամյա Թոդ Ազևեդոն, որոնք Կալիֆոռնիայից Միսսուրի էին մեկնել, այցելել էին թանգարան։ Ցուցահանդեսը զննելիս նրանցից մեկը բարձրացել է մյուսի ուսերին և փորձել հասնել մոտավորապես 90 կիլոգրամ քաշ ունեցող բրդյա մամոնտի ժանիքին։
Նրանց անզգույշ գործողությունների հետևանքով ժանիքը՝ մոտավորապես 10 հազար տարեկան, ընկել և կոտրվել է՝ բաժանվելով մի քանի կտորների։ Մամոնտի ժանիքի արժեքը գնահատվում է մինչև 200 հազար դոլար։
Դեպքը ֆիքսվել է տեսախցիկներով։ Թանգարանի աշխատակիցը նկատել է միջադեպը և փորձել է կանգնեցնել տղամարդկանց, սակայն նրանք հեռացել են շենքից։ Ավելի ուշ նրանք ձերբակալվել են և յուրաքանչյուրը մեղադրվել է գույքին առաջին աստիճանի վնաս հասցնելու մեջ։
Երկուսն էլ այժմ ազատ են արձակվել 15 հազար դոլար գրավի դիմաց։ Մեղավոր ճանաչվելու դեպքում, նրանց կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում։
Թեյնի շրջանի շերիֆ Բրեդ Դանիելսը հայտարարել է, որ կոտրված ժանիքը եզակի գտածո է և գործնականում ենթակա չէ վերականգնման։
«Դա անդառնալի կորուստ է։ Նման արտեֆակտները չեն կարող փոխարինվել»,- մեկնաբանել է ոստիկանը։





























