Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը հայտարարել է, որ Ջեֆրի Էպշտեյնը «մանիպուլյացիայի է ենթարկել և խաբել է» իրեն՝ առաջին անգամ հրապարակայնորեն խոսելով մահացած հանցագործի հետ իր երկարատև հարաբերությունների մասին, գրում է The Guardian-ը։

Նա հայտարարել է նաև, որ «չգիտեր, որ նա հանցագործ է», չնայած այն հանգամանքին, որ 2011 թվականին՝ 18 ամսվա ազատազրկման դատապարտվելուց և 14 տարեկան աղջիկներին սեռական հարաբերություններ առաջարկելու մեջ մեղավոր ճանաչվելուց երեք տարի անց, նրան հաղորդագրություն է ուղարկել, որ նրա մասին տեղեկություն է փնտրել Google-ում։

Էպշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության հունվարին գաղտնազերծած փաստաթղթերը ցնցեցին Նորվեգիան, քանի որ դրանցում ներառված էին բարձր հասարակության մի քանի բարձրաստիճան անձինք, նրանց թվում՝ Մետտե-Մարիտը և նախկին վարչապետը։

Նորվեգիայի խորհրդարանը երեքշաբթի միաձայն քվեարկեց անկախ հետաքննչական հանձնաժողով նշանակելու օգտին՝ երկրի արտաքին գործերի նախարարության և Էպշտեյնի միջև կապերը հետաքննելու նպատակով։

Մետտե-Մարիտը 2011-2014 թվականների անձնական էլեկտրոնային նամակներում հիշատակվում է գրեթե 1000 անգամ: Էլեկտրոնային նամակներից մեկում Մետտե-Մարիտը հարցրել է՝ արդյոք «անպատշաճ է մոր համար իր 15-ամյա որդու պատին սերֆինգի տախտակ կրող երկու մերկ կանանց պաստառներ առաջարկել»:

Ավելի վաղ Թագավորական պալատը հայտարարություն էր տարածել, որում Մետտե-Մարիտը հայտարարել էր, որ ինքը «անհեռատեսություն» է ցուցաբերել և «խոր ափսոսանք է հայտնել Էպշտեյնի հետ ցանկացած շփման համար»:

Նա ամուսնու՝ թագաժառանգ Հաակոնի հետ հարցազրույց է տվել նորվեգական NRK հեռարձակողին:

«Ինձ համար կարևոր է, որ պատասխանատվություն ստանձնեմ, որ [Էպշտեյնի] անցյալն ավելի մանրակրկիտ չեմ ստուգել: Եվ պատասխանատվություն ստանձնեմ նման մանիպուլյացիայի ենթարկվելու և խաբվելու համար»,- ասել է նա:

Նա նշել է, որ «խոր զայրույթ» է զգացել, որ Էպշտեյնի զոհերը արդարության չեն հասել:

Նա ասել է, որ Էպշտեյնը «իր լավ ընկերոջ մտերիմ ընկերն էր» և որ ինքը նրան հանդիպել է մի քանի ծանոթների միջոցով 2011 թվականին, երբ նա ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի հատուկ բանագնացն էր։

Ըստ նրա՝ նրանք «բարեկամական հարաբերություններ ունեին», իսկ նա «առաջին հերթին ընկերոջ ընկերն էր»։ Նա հերքել է նրանց միջև ինտիմ կապերի մասին ցանկացած ակնարկ։

2011 թվականի հոկտեմբերին Մետտե-Մարիտը հաղորդագրության մեջ գրել էր. «Ես ձեզ Google-ում փնտրեցի նախորդ էլեկտրոնային նամակից հետո։ Համաձայն եմ, դա այնքան էլ սիրուն չէր)»։

Երբ նրան հարցրել են՝ ինչ նկատի ունի, նա պատասխանել է, որ չգիտի։

«Ես շատ ժամանակ ծախսեցի՝ փորձելով դա ինքնուրույն պարզել։ Կցանկանայի, որ ունենայի այդ էլեկտրոնային նամակագրության մնացած մասը։ Բայց եթե ես տեղեկություններ գտնեի նրա հանցագործ լինելու մասին, «սմայլիկ» չէի դնի»։

Պարզվել է նաև, որ Մետտե-Մարիտը 2013 թվականի հունվարին մի քանի օր անցկացրել է Էպշտեյնի տանը՝ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում։ Իր բացատրության մեջ նա հայտարարել է, որ այնտեղ է գնացել, քանի որ «իրենց ընդհանուր ընկերը վարձակալել է տունը»։ «Այն փաստը, որ ես այնտեղ էի, և, ամենակարևորը, այն մեղքի զգացումը, որը զգում էի զոհերի նկատմամբ։ Ես շատ ժամանակ եմ ծախսել այս ամենն ըմբռնելու համար։ Ահա թե ինչու է դա ինձ համար ծանր»,- նշել է նա։