Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Գոլդերս Գրին շրջանում հրեական «Հացոլա» կազմակերպությանը պատկանող շտապօգնության չորս մեքենա է հրդեհվել։

BBC News-ը հայտնում է, որ տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես են գլխարկավոր երեք անձինք բենզին լցնում մեքենաների վրա և այրում դրանք: Շտապօգնության մեքենաներում գտնվող թթվածնի բալոնների պայթյունի հետևանքով հարակից շենքերի պատուհանների ապակիները կոտրվել են: Մարդիկ չեն տուժել:

Գոլդերս Գրինում մեծաքանակ հրեական համայնք է բնակվում: Լոնդոնի ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես «հակասեմականության դրսևորում», ընթանում է հրկիզողների որոնման աշխատանքը:

«Հացոլան» բժշկական օգնության ոչ առևտրային ծառայություն է, որը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Այն, մասնավորապես, ապահովում է հրեական համայնքների անդամների անվճար տեղափոխումը հիվանդանոցներ: