Հոնկոնգից Լոնդոն թռչող British Airways-ի չվերթի ժամանակ մահացու միջադեպ է տեղի ունեցել. ուղևորներից մեկը մահացել է թռիչքից կարճ ժամանակ անց, բայց ինքնաթիռը շարունակել է թռչել դեպի իր նպատակակետը։ Արդյունքում, ուղևորները մոտ 13 ժամ անցկացրել են օդում՝ իմանալով, որ մահացածի մարմինն ինքնաթիռում է, հաղորդում է TheSun-ը։
Թերթի տվյալներով՝ կինը մոտ 60 տարեկան էր և ճանապարհորդում էր հարազատների հետ։ Նա վատացել է թռիչքից մոտ մեկ ժամ անց։ Bild-ը հաղորդում է, որ անձնակազմը որոշել է չվերադառնալ օդանավակայան, քանի որ ուղևորի մահն արտակարգ վայրէջքի հիմք չի համարվում, եթե թռիչքի անվտանգությունը վտանգված չէ։ Մարմինը տեղափոխվել է ինքնաթիռի հետևի մասը և ծածկվել։
Ուղևորների խոսքով՝ թռիչքի վերջում տհաճ հոտ է տարածվել, ինչի պատճառով ոմանք անձնակազմից բացատրություն են պահանջել։ Հիթրոու օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ոստիկանությունն ինքնաթիռ է բարձրացել, և ուղևորները ստիպված են եղել որոշ ժամանակ տեղերում նստած մնալ։
Ավիաընկերությունը հայտարարել է, որ անձնակազմը գործել է ըստ հրահանգների և թռիչքից հետո անհրաժեշտ հոգեբանական աջակցություն է ստացել։




























