Օտարերկրյա մամուլի ասոցիացիան դատապարտել է այն, ինչն անվանել է իսրայելցի զինվորների «դաժան հարձակում», որոնք այս շաբաթ ավելի վաղ բռնել էին CNN-ի նկարահանող խմբին պաղեստինյան Թայասիր գյուղի մոտ, օկուպացված Արեւմտյան ափին, տեղեկացրել է Al Jazeera-ն։

«Դա թյուրիմացություն չէր... Դա դաժան հարձակում էր լրագրողների վրա, որոնց անձը հստակ պարզված է, եւ ուղիղ  հարձակում էր մամուլի ազատության վրա»- հայտնել է FPA-ն:- Ուժի կիրառումը չափից ավելի էր եւ վտանգավոր: Լրագրողների եւ քաղաքացիական անձանց վրա զենք ուղղելը, օպերատորի վրա ֆիզիկական հարձակումը եւ նկարահանող խմբի ձերբակալումը գործողություններ են, որոնք անցնում են բոլոր սահմանները: Այդ վարքագիծն արտացոլում է լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքի խորապես անհանգստացնող միտում եւ անընդունելի է ցանկացած հանգամանքներում»:

Ասոցիացիան պահանջել է միջադեպի հետաքննություն: CNN-ը հաստատել է մանրամասները իր սեփական հաղորդագրության մեջ՝ հայտնելով, որ հարձակման է ենթարկվել ֆոտոլրագրող Սիրիլ Թեոֆիլոսը:

Իսրայելական բանակում հայտնել են, որ միջադեպը կհետաքննվի:

Սա այս ամսվա ընթացքում CNN-ի հետ կապված երկրորդ նմանատիպ միջադեպն է: