Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացրել է, որ ինը բուժաշխատող սպանվել, եւս յոթը վիրավորվել է Լիբանանի հարավում բուժհաստատությունների դեմ հինգ առանձին հարձակումների ժամանակ, տեղեկացրել է Al Jazeera-ն։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հայտարարության մեջ չի նշվել, թե ով է իրականացրել հարձակումը, սակայն Իսրայելը պատերազմի սկսվելուց ի վեր ամեն օր օդային հարվածներ է հասցրել, այն դեպքում, երբ վերջին օրերին նրա զորքերն առաջ են  անցել հարավում։

Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ այսօրվա հարձակումների ժամանակ հինգ լիբանանյան գյուղերում աշխատող բժշկական բրիգադները հարձակման են ենթարկվել դաշտային պայմաններում հերթապահելիս։

«Զուտար ալ-Շարքիայում հարվածի հետեւանքով զոհվել է հինգ բուժաշխատող, վիրավորվել՝ երկուսը, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Եվս երկու բուժաշխատող զոհվել է, երեքը՝ վիրավորվել Քֆար Թիբնիտում։ Մեկ կրտսեր բուժաշխատող զոհվել է Ղանդուրիայի բուժհաստատության վրա հարձակման ժամանակ, մյուսը՝ Ջեզինում։ Երկուսը վիրավորվել են Քֆար Դաջալում հարձակման ժամանակ»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ բազմակի հարձակումները լրջորեն խաթարել են հարավային Լիբանանի առողջապահական ծառայությունների աշխատանքը, չորս հիվանդանոց եւ 51 առաջնային առողջապահական կենտրոն ներկայում փակ են, մի քանի այլ հաստատություններ գործում են սահմանափակ ռեժիմով։