Երեքշաբթի օրը հարյուրավոր սերբ ուսանողներ են բախվել ոստիկանության հետ։ Բողոքի ակցիան ուղղված է եղել Բելգրադի համալսարանի գրասենյակներում իրականացված ոստիկանական խուզարկության դեմ, ինչն էլ ավելի է սրել իշխանությունների և հակակառավարական ակտիվիստների միջև արդեն ավելի քան մեկ տարի պարբերաբար բռնկվող լարվածությունը։ Հաղորդում է «Reuters» գործակալությունը։
«Reuters»-ի ականատեսի վկայությամբ՝ Բելգրադի կենտրոնում հավաքված ամբոխը կարճատև ընդհարում է ունեցել ոստիկանների հետ, որոնք մահակներ են կիրառել «շներ» և «դավաճաններ» վանկարկող ցուցարարներին ցրելու համար։
Ոստիկանությունից հայտնել են, որ խուզարկություն է իրականացվել անցյալ ուրբաթ ֆակուլտետի հարևան շենքի պատուհանից ցած ընկած և մահացած ուսանողուհու գործի շրջանակներում։
Համալսարանի ռեկտոր Վլադան Ջոկիչն ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ ոստիկանությունը շենք է մտել առանց հիմնավոր իրավական պատճառների՝ փաստաթղթեր փնտրելու նպատակով, և առգրավել է համակարգիչները։
Սերբիայի ոստիկանապետ Դրագան Վասիլևիչը հայտարարել է, որ սպաները գործել են դատարանի որոշմամբ։ Նրանք մտել են համալսարանի գրասենյակներ՝ ուսանողուհու մահվան հետ կապված ապացույցներ ձեռք բերելու համար։
Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ խուզարկության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է ճայթրուկներ, ռացիաներ, հակագազեր, պաստառներ և առաջին օգնության պարագաներ։
2024 թվականի դեկտեմբերից սկսած հակակառավարական բողոքի ցույցերը ողողել են ողջ Սերբիան, ինչը տեղի է ունեցել սերբական հյուսիսային Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 16 մարդու զոհվելուց մեկ ամիս անց։ Անցյալ տարի բողոքող ուսանողները համալսարանական ֆակուլտետներ էին գրավել երկրի շատ մասերում, այդ թվում՝ Բելգրադի համալսարանի գլխավոր վարչական շենքը։
Բողոքի ակցիայի մասնակիցները, ընդդիմության առաջնորդներն ու իրավապաշտպանները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և նրա դաշնակիցներին մեղադրել են կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության հետ կապերի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնության և լրատվամիջոցների ազատության ճնշման մեջ։ Վուչիչը և նրա դաշնակիցները հերքել են այդ մեղադրանքները։





























