Հունական Կրետե կղզում ավազե փոթորկ է մոլեգնել։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ Սահարա անապատից քշված ավազը երկնքին նարնջագույն-կարմիր երանգ է հաղորդել։

Ավազի բարձր խտության պատճառով Տեսանելիությունն օդում սահմանափակ է։ Հերակլիոն քաղաքի օդանավակայանի աշխատանքում խափանումներեն եղել։ Ըստ Daily Mail-ի՝ առնվազն երկու չվերթ ստիպված է եղել վերաուղղվել այլ օդանավակայաններ, քանի որ տեսանելիությունը նվազել է մինչև 1000 մետր։ Այդ մակարդակը ինքնաթիռների սովորական վայրէջքի համար վտանգավոր է համարվում։

Ավազով և փոշով լցված օդը վտանգավոր է մարդկանց համար։ Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում մնալ տանը։ Օդերևութաբանների գնահատմամբ՝ փոշու խտությունը մեկ խորանարդ մետրում ավելի քան 1000 միկրոգրամ է, որը շատ բարձր ցուցանիշ է համարվում։

Տեսանելիության նվազումից զատ, ավազե փոթորիկներին ուղեկցում են ուժեղ քամիներ և տորնադոներ։ Պաչիա Ամոս ափամերձ գյուղում ուժեղ քամուց բեռնատար է շրջվել։ Քամին արմատախիլ է արել ծառեր, ավերել է որոշ շինություններ և փլուզել է կերամիկայի գործարանի պատը։

Խանիա քաղաքում թույլ անձրև է տեղացել, որի հետևանքով տները, ավտոմեքենաները և փողոցները ծածկվել են ցեխի հաստ շերտով։

Սպասվում  է, որ հինգշաբթի Սահարայից ավազի նոր ալիք կհասնի կղզի։