Վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանին հարվածած հզոր փոթորկի ճակատը ուժեղ քամիներ և ջրհեղեղներ է առաջացրել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ Կրետեի երկինքը մուգ կարմիր է դարձել, հաղորդում է Associated Press-ը։
Երկնքի սյուրռեալիստական կարմիր երանգները Կրետեի վրա ապոկալիպտիկ տեսարաններ էին հիշեցնում, որտեղ կղզում մեծ ուժգնությամբ փոթորիկ, իսկ Սահարայի անապատում՝ փոշու մրրիկ էր մոլեգնում։
հունական լրատվամիջոցները հայտնել են, որ Հունաստանի մայրցամաքային մասում 55-ամյա տղամարդ է մահացել ավտոմեքենայի հարվածից, երբ Հունաստանի մայրաքաղաք Աթենքից մոտավորապես 25 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած Նեա Մակրի քաղաքում փոթորկալից ջրերը նրան քշել-տարել են։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Ցինգասը պետական ռադիոյին հայտնել է, որ հրշեջ ավտոմեքենաներն արձագանքել են օգնության մոտ 500 կանչի, դրանց թվում՝ կտրել են փոթորկից տապալված ծառերը, ջուրը դուրս մղել ջրհեղեղի բարձր մակարդակից և օգնության հասել հեղեղաջրերի տակ մնացած 33 մարդու։
Աթենքի տարբեր արվարձաններում էլեկտրաէներգիան անջատվել էր, տապալված ծառերը քաղաքի կենտրոնում խցանել էին երթևեկությունը, իսկ ավտոմեքենաները արգելափակվել էին հեղեղաջրերից։ Էգեյան ծովի մյուս կղզիներում փողոցները վերածվել էին փոքր գետերի, իսկ փոթորկալից ծովը սաստկացրել էր ափամերձ շրջաններում տեղացող ուժեղ անձրևները։
Փարոս կղզում ավտոմեքենաները քշվել էին ճանապարհից, փլուզվել էր մի փոքրիկ կամուրջ։ Կղզու քաղաքապետը հայտարարել էր, որ հինգշաբթի դպրոցներում պարապմունքեր չեն եղել։





























