Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքն ընդհանուր առմամբ խաղաղ է, թեպետ գրանցվել են մի քանի միջադեպեր:
Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մի քանի խախտումներ են գրանցվել, եւ իրենց շտաբն այժմ գրանցում է այդ խախտումները:
Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանն իր հերթին նշեց, որ առանձին տեղամասերում բռնություններ են եղել վստահված անձանց նկատմամբ: «Երկու տեղ խոչընդոտել են վստահված անձանց աշխատանքը, մի վստահված անձի քաշքշել են: Պարտադիր ներկայացնելու ենք այդ փաստերը»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:



























