Միացյալ Նահանգների բնակչության 68 տոկոսը ավելորդ քաշի խնդիր ունի, նրանցից 34 տոկոսը տառապում է ճարպակալմամբ։

Ամերիկացի բժիշկներին հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ երկու տարեկանից բարձր երեխաների 17 տոկոսը տառապում է ճարպակալությունից։ Նորածինների եւ մինչեւ երկու տարեկան երեխաների մոտ այն հասնում է 10 տոկոսի։

«Վեստին», վկայակոչելով հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փորձագետ Ուլիյամ Դիետցին, հաղորդում է, որ 2007-2008 թվականների ընթացքում ստացած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալմամբ տառապող հիվանդ երեխաների քանակը վերջին տարիներին չի ավելացել։

Անցկացված հետազոտություների արդյունքում պարզվել է, որ ճարպակալման առաջին հերթին հակված են աֆրոամերիկացիները, այնուհետեւ լատինաամերիկյան ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիները եւ սպիտակամորթները։ 2-ից 19 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիր հիմնականում ունեն տղաները։

Ճարպակալման առումով ԱՄՆ-ում ամենացածր ցուցանիշը ունի Կոլորադո նահանգը։ Ճարպակալությունից տառապող մարդկանց թվաքանակն այստեղ չի գերազանցում բնակչության 20 տոկոսը։