Թուրքիայի ոչ մահմեդական համայնքները խնդրանքով դիմել են, որպեսզի իրենց թաղումների ժամանակ համայնքային եւ պետական ծառայությունները նման լինեն երկրի մահմեդական քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, գրում է թուրքական «Hürriyet Daily News» թերթը:

Տեղական կառավարման մարմինները ոչ մահմեդական քաղաքացիներին անվճար ծառայություններ չեն մատուցում, ինչպիսին օրինակ դիատար ավտոմեքենայի տրամադրումն է: Գերեզմանում տարածք վերցնելը մահմեդականների համար էժան է, այնինչ կրոնական փոքրամասնություններից ամբողջ կարողություն են պահանջում:

Ստամբուլի քաղաքապետարանի Գերեզմանների վարչության ղեկավարությունը հայտնել է, որ  տեղյակ է ոչ մահմեդական քաղաքացիների համար գերեզմանի տարածքի բարձր գների մասին, բայց չի միջամտում:

 «Ոչ մահմեդականները կարող են հուղարկավորումը կազմակերպել իրենց կրոնին եւ ավանդույթներին համապատասխան: Մենք չենք միջամտում, քանի որ վարժվել ենք նրանց ավանդույթներին եւ ծեսերին: Միայն այն դեպքում, եթե ապացուցվի նրանց դեպի իսլամ դարձի գալը, մենք կարող ենք անցկացնել հուղարկավորությունը»,– ասել է վարչության պաշտոնական ներկայացուցիչը:

Հունական եկեղեցական հիմնադրամներից մեկի ղեկավար Անդոն Պարիսյանոսն ասել է, որ Կրոնի գործերով վարչությունը  պետք է միջոցներ հատկացնի ոչ մահմեդական բնակչության համար. դա քաղաքացիության իրավահավասարության պահանջ է: «Նախորդ շաբաթ իմ ծանոթը վախճանվել էր Ստամբուլի «Մեդիպոլ» հիվանդանոցում: Հիվանդանոցի ղեկավարներն ինձ ասացին, որ  իրենք քրիստոնյայի մահվան առաջին անգամ են բախվում եւ չգիտեն՝ ինչ անեն»,– ասել է Պարիսյանոսը:

«Յեշիլքյոյ» հայկական դպրոցի գործադիր խորհրդի անդամ Կարո Պալյանը հայտարարել է, որ քաղաքացիության իրավահավասարության պահանջը պետք է բավարարվի: «Կրոնի գործերով վարչությունը կարող է միջոցներ հատկացնել, որոնք պատրիարքարանի միջոցով կփոխանցվեն թաղման բյուրոների տերերին»,– ասել է Պալյանը:

Ոչ մահմեդականների թաղումներն իրականացնող ընկերության սեփականատեր Եզնիկ Բախչեւանօղլուն հայտարարել է, որ թաղման արժեքը տատանվում է 2000-8000 թուրքական լիրայի սահմաններում: Պատասխանելով գնային քաղաքականության վերաբերյալ հարցին՝ Բախչեւանօղլուն ասել է, որ  գները որոշվում են հողատարածքների դասակարգման համապատասխան: «Եթե Կրոնի գործերով վարչությունը կարողանար միջոցներ հատկացնել, գներն այդքան բարձր չէին լինի»,– նշել է Բախչեւանօղլուն:

Հայ Վազգեն Բարինը, որը հիմնականում ոչ մահմեդականներով բնակեցված Ստամբուլի շրջանի քաղաքապետի տեղակալն է, ասել է, որ Տեղական կառավարման մարմինները թաղումների  անցկացման համար պատասպանատվություն չեն կրում:  «Որոշ մարդիկ կարող են ցանկանալ, որպեսզի իրենց թաղեն  հարազատ քաղաքներում: Այդ ժամանակ մենք հարազատներին ավտոբուսներ ենք տրամադրում՝ մարմինը տեղափոխելու համար»,– ասել է Բարինը: