Բուլղարիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով երեք մետրանոց փշալար անցկացնել, հաղորդում է ՌՏՍ-ն:
Անլեգալ էմիգրացիան կանխելու համար նախատեսված խոչընդոտի շինարարությունը պետք է ավարտվի 2014թ.-ի փետրվարին: Պատը կձգվի 274 կմ երկարությամբ սահմանի երկայնքով ոչ ամբողջությամբ, այլ միայն դրա անտառապատ ու լեռնոտ 30 կմ-անոց հատվածում, որտեղ ռելիեֆի պատճառով սահմանապահների աշխատանքը բարդանում է, հաղորդում է Lenta.ru-ն:
Պաշտոնական Սոֆիան հաստատում է, որ միակ նպատակն անօրինական ներգաղթի դեմ պայքարն է: Այժմ Բուլղարիայում սիրիացի փախստականների ներհոսք է, որոնք երկիր են ներթափանցում հարեւան Թուրքիայից: Որպես կանոն, այդ ներգաղթյալները Բուլղարիան դիտարկում են որպես տարանցիկ երկիր, քանի որ ձգտում են հաստատվել Արեւմտյան Եվրոպայում:





























