Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պետական այցով Երեւանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

«Ես շնորհակալություն եմ հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձեւաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Մենք պայմանավորվել ենք շարունակել առեւտրի եւ Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարեւոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը: