Ընդունված է համարել, որ թեյն օգտակար է: Սակայն Ալբերտայի համալսարանի վերջին հետազոտությունները վկայում են, որ թեյի շատ տեսակներում առկա է կապարի վտանգավոր միացություն, որը կարող է վնասել հղի ու կերակրող կանանց, հաղորդում է The National Post-ը:

Այս ծանր մետաղի նույնիսկ չնչին քանակությունը վտանգավոր է զարգացող երեխայի նյարդային համակարգի համար: Ինչպես հաստատվել է, ամենավտանգավոր թեյը Չինաստանից է: Հավանական է, որ բույսերը կապարը կլանում են գործարանների արտանետումներից: Ընդ որում, մասնագետները հատուկ նշում են օրգանական թեյը, որը 15 րոպեի ընթացքում է պատրաստվում: Դրանում մեծ քանակությամբ կապար կա: Իսկ ահա Հնդկաստանից կամ Շրի-Լանկայից թեյը հմարձակությամբ կարելի է խմել, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ընդհանուր առմամբ գիտնականներն ուսումնասիրել են թեյի 30 հայտնի ապրանքանիշ: 3 րոպեի ընթացքում պատրաստվող նմուշների 73 տոկոսը եւ 15 րոպեում պատրաստվողների 83 տոկոսը պարունակում էին մետաղական միացություն՝ ավելի քան 5 միկրոգրամ: Սա նորմայի սահմաններում է, սակայն եթե կինը օրական 3-4 բաժակ թեյ խմի, վտանգն իրական է: