Առաջադեմ երկրներում մարդկային կյանքի միջին տեւողությունն արդեն 30 տարի անց կհասնի 120 տարվա: Նման եզրահանգում են կատարել ռուսաստանցի մասնագետները: Մինչդեռ, Ռուսաստանն այդ ցուցանիշից հետ կմնա 10-15 տարով: Կյանքի տեւողության աճը պատմական օրինաչափություն է, իսկ մարդիկ վերջին հարյուրամյակներում արդեն բավական բեկում են կատարել:
Կենսամակարդակի բարձրացումը կախված է բնակավայրերի բարեփոխումից, բժշկության զարգացումից, առողջ կենսակերպից, որն այժմ շատերն են նախընտրում: Արդեն այժմ առաջադեմ երկրները մոտեցել են կյանքի տեւողության 90-ամյա շեմին, որոշ երկրներում կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 85 տարեկան եւ ավելի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ի դեպ, մարդու երկարակյացությունը կապված է ինչպես առողջության, այնպես էլ ինքնագնահատականի հետ: Նախորդ ուսումնասիրություններն ապացուցել էին, որ իրենց առողջությունը թույլ գնահատած տղամարդկանց մահը 3,3 անգամ ավելի հավանական է, քան երկար ապրել նախատեսածներինը: Գեղեցիկ սեռի համար այդ վտանգի հավանականությունը 1,9 անգամ է:





























