Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հանդիսավոր պայմաններում սպայական կոչում է շնորհել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների։

Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարել է Հայաստանի օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ եւ վկայականներ է հանձնել ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի, կադրերի, ծառայության կազմակերպման վարչությունների, ինչպես նաեւ Երեւանի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու հրշեջ-փրկարարական ջոկատների 19 աշխատակցի:

Շնորհավորելով առաջին սպայական կոչումը ստացած աշխատակիցներին՝ նախարարը նշել է, որ հպարտանում է փրկարարի կոչմամբ եւ նորաթուխ սպաներին մաղթել է անվտանգ ծառայություն: