Ֆրանսիայում Շամբերայի ծերանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ թունավորել է վեց թոշակառուի: Կնոջը կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել, սակայն ինքը կարծում է, որ ծերունիներին ծառայություն է մատուցել:

Շամբերայի ծերանոցում վերջին երկու ամսում գրանցվել է մի քանի տարօրինակ սպանություն: Երբ հաստատության ղեկավարությունը հետաքննություն է նախաձեռնել, 30-ամյա բուժքույրը, ով աշխատանքի էր ընդունվել 2012թ.-ին, ինքն է խոստովանել, որ որոշ հիվանդների սուր ազդող դեղամիջոցների մահացու խառնուրդ է տվել:

Նա հայտարարել է, որ գործել է մարդասիրությունից ելնելով, որպեսզի վերջ տա տարեց մարդկանց տառապանքներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետաքննությունը ցույց է տվել, որ չնայած մեծ հասակին, վախճանվածների առողջական վիճակը բավարար է եղել: Նրանց միջին հասակը եղել է 80: Իհարկե, որոշ հիվանդություններ ունեցել են, սակայն չի կարելի դրանք մահացու անվանել: Մահացածների թիվը կարող էր ավելի շատ լինել. Երեք հիվանդ փրկվել են այն բանից հետո, երբ բուժքույրը ստիպել է նրանց ընդունել խառնուրդը:

Նշենք, որ Ֆրանսիայում էվթանազիան պաշտոնապես արգելված է: