Սննդակարգում մրգի ու բանջարեղենի ավելացումը կարող է կրկնակի անգամ նվազեցնել ինքնասպանության փորձ կատարելու ռիսկը: Նման եզրակացության են եկել ճապոնացի գիտնականները:
Տոկիոյի Բժշկության ազգային կենտրոնում աշխատող մասնագետները վերլուծել են ավելի քան 90 հազար մարդու տվյալներ, որոնք հավաքվել էին 8 տարվա ընթացքում: Ընտրությունը կատարել են հասարակության տարբեր շերտերից: Եղել են կանայք եւ տղամարդիկ, ովքեր ունեցել են տարբեր սոցիալական կարգավիճակ՝ 45-74 տարեկան հասակի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այն մարդկանց խմբում, որոնց սննդակարգում պարունակվել են մրգեր ու բանջարեղեն, ինքնասպանության փորձի ռիսկը կրկնակի անգամ ցածր է եղել: Իսկ նրանք, ում սննդակարգում գերակշռում են հրուշակեղենն ու կենդանական ծագմամբ ճարպերը, լրացնում են ռիսկի խմբի շարքերը:
Առայժմ անհայտ է նման ֆենոմենի պատճառը: Փորձագետները մի քանի բացատրություն ունեն: Օրինակ, ինքնասպանության փորձի կարող են դրդել պարբերական հիվանդությունները, որոնք քիչ են հանդիպում միրգ ու բանջարեղեն օգտագործող մարդկանց շրջանում: Ինչպես նաեւ այդ մթերքները պարունակում են բնական հակադեպրեսանտներ, ինչն օգնում է մարդուն ավելի արագ հաղթահարել դեպրեսիան:





























