Խաղաղօվկիանոսյան մարջանների հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ օվկիանոսի ջրերում ջերմաստիճանի բարձրացում սկսվել է մոտ 150 տարի առաջ: Ամերիկացի հետազոտողների խումբն ուսումնասիրել է հավայան ոսկե մարջանների խմբերը (Kulamanamana haumeaae), որոնք բնակվում էին Խաղաղ օվկիանոսի՝ հասարակածից վերեւ ընկած հատվածներում, հաղորդում է Nuus-ը:

Դրանց խմբերը հայտնի են իրենց կյանքի երկար տեւողոթյամբ, որը կարող է հասնել մինչեւ 5000 տարվա, ուստի որոշակի ժամանակահատվածում աճած պոլիպների քիմիական կազմության հետազոտությունը թույլ է տալիս իմանալ այդ ժամանակվա ջրի ջերմաստիճանն ու աղի մակարդակը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի մի շարք այլ պայմաններ: XIX դարի կեսերին ջերմաստիճանի արագ բարձրացման վերաբերյալ եզրակացությունը գիտնականներն արել են՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ այդ ժամանակից ի վեր մարջանները սկսել են կլանել մոտ քառորդ անգամ ավելի շատ ազոտ, քան նախկինում: