Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Euronews հեռուստաալիքի հեռուստադիտողների կողմից ընտրվել է 2013-ի «Տարվա մարդ», հաղորդում է հեռուստաալիքի կայքը:

«Էդվարդ Սնոուդենը, ով մարդկության պատմության ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության մասին ամենամասշտաբային արտահոսքի պատասխանատուն է, ճանաչվել է 2013 թվականի «Տարվա մարդ»՝ Euronews-ի հեռուստադիտողների վարկածով»,-ասված է հաղորդագրությունում:

Սնոուդենի օգտին քվեարկել են հարցմանը մասնակցածների 47 տոկոսը: Այսպիսով, քվեարկության արդյունքում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին հաջողվել է առաջ անցնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Գերմանիայի կանցլեր Արգելա Մերկելին, նշում է հեռուստաալիքը:

«Թայմ» ամսագիրը Սնոուդենին համարել էր «Տարվա մարդ» տիտղոսի ամենահավանական թեկնածուն, սակայն ավելի վաղ, չորեքշաբթի պարզվել էր, որ այդ կոչմանն արժանացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Դրանից առաջ Սնոուդենին «Տարվա մարդ» էր ճանաչել բրիտանական «Գարդիան» թերթը, որը տպագրել էր գաղտնազերծված փաստաթղթերի մեծ մասը: