Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հունիսի 6-ին կայցելի Ադրբեջան եւ հունիսի 7-ին կհանդիպի այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի հետ:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեֆ Մորելի խոսքով, հանդիպումը հնարավորություն կտա Գեյթսին ԱՄՆ-ի երախտագիտությունը հայտնել Ադրբեջանին: Զրուցակիցները նաեւ կքննարկեն փոխադարձ համագործակցությունը բարելավելու ուղիները, որպեսզի պահպանեն Ադրբեջանի տարածքով անցնող օգնության մակարդակը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կողմից Աֆղանստան ուղարկվող օգնության շուրջ մեկ քառորդն անցնում է Ադրբեջանի տարածքով

Ռոբերտ Գեյթսը հունիսի 3-ին կմեկնի ասիական շրջագայության, որը կսկսվի Սինգապուրում անվտանգության խնդիրներին նվիրված կոնֆերանսին նրա մասնակցությամբ: Գեյթսը պատրաստվում է հանդիպել Նոր Զելանդիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Մոնղոլիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի իր գործընկերների հետ:

Ադրբեջանից հետո Գեյթսը կուղեւորվի Լոնդոն, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի նոր կառավարության ղեկավարների հետ: