Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը հայտնել է, որ ԱՄՆ դաշնային իշխանությունները British Petroleum ընկերությանն են ներկայացնելու առաջին հաշիվը 69մլն դոլարի չափով Մեքսիկական ծոցում BP-ի նավթահորի կործանման հասցրած վնասի համար:
ԱՄՆ իշխանությունները Մեքսիկական ծոցում կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդելու են BP-ի վրա:
«Դաշնային իշխանություններն այսօր Bp-ին են ներկայացնելու այն, ինչ ես հաշիվ եմ անվանում, 69 մլն դոլարի չափով՝ հարկատուների ծախսերը փակելու համար»,- ասել է Գիբբսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
BP-ի ղեկավար Թոնի Հեյուորդը նախօրեին խոստացել է, որ ընկերությունը կմաքրի ջուրը եւ ափերը կվերադարձնի այն վիճակին, որում դրանք եղել են նախկինում: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ դա բարդ խնդիր է:
Deepwater Horizon նավթահորում ապրիլի 20-ին պայթյուն էր եղել, որին հաջորդել էր 36 ժամ տեւած հրդեհը: Այն ժամանակ մահացել էին 111, վիրավորվել 17 մարդ: Նավթահորի խորտակումից հետո սկսվեց նավթի արտահոսքը, որն արդեն զգալի վնաս է հասցրել Լուիզիանա, Ալաբամա, Միսսիսիփի նահանգներին եւ սպառնում է խոշոր բնապահպանական աղետ դառնալ:


























