Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական դոկտրինի ընդունումից հետո երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման օրենսդրական հնարավորություն կստեղծվի:

«Համաձայն Ադրբեջանի «Ազգային անվտանգության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ միանշանակ չի թույլատրվում երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը: Սակայն ռազմական դոկտրինի նախագծում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն իրեն՝ հանրապետության տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման իրավունք է վերապահում»,- նկատել է պատգամավորը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան»-ը:

Զահիդ Օրուջն ասել է, որ քննարկումից հետո փաստաթուղթը հավանության է արժանացել հանձնաժողովում, եւ առաջարկվել է քննարկել հունիսի 8-ի նիստում:

Ավելի վաղ «The News York Times»-ը հայտնել էր ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթի ստորագրման մասին, որով նախատեսվում էր ռազմակայաններ հիմնել Վրաստանում, Ադրբեջանում եւ Ուզբեկստանում: