Աշխարհում ոչ մի դեղ, այդ թվում` «Արմենիկումը», ՁԻԱՀ-ը ամբողջովին վերացնել չի կարող, դա անհնար է, սակայն «Արմենիկումը» էապես տարբերվում է քիմիական ծագման այլ դեղամիջոցներից: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետազոտական լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ տարբեր դեղամիջոցները տարբեր կերպ են ազդում օրգանիզմի եւ վիրուսի վրա:
««Արմենիկումի» արդյունավետությունը, վիրուսի ճնշման առումով, այնքան մեծ չէ, եթե համեմատենք այլ քիմիական ծագման դեղամիջոցների հետ, որոնք, սակայն շատ ավելի ուժեղ լինելով հանդերձ, միեւնույն ժամանակ հարյուրավոր անգամ էլ թունավոր են»,- ասաց Դավթյանը։ Բացի այդ՝ Արմենիկումը» յուրահատուկ դեղամիջոց է, որը արդյունավետ լինելով հանդերձ՝ շատ ավելի անվտանգ է։ Սակայն, Դավթյանի խոսքով, «Արմենիկումը» չի նպաստում օրգանիզմում վիրուսի կտրուկ անկմանը՝ ազդելով դանդաղորեն եւ պահանջելով որոշակի ժամանակ:
«Այդ ժամանակը կախված է կոնկրետ հիվանդից, հիվանդի իմունային համակարգի վիճակից, վիրուսի քանակից եւ ՁԻԱՀ-ին ուղեկցող հիվանդություններից»,-ասաց Դավթյանը։ Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ երեք ամսվա ընթացքում 12 ներարկումներ կատարելիս ստացվում է կայուն արդյունք, իսկ մոտ մեկ տարվա ընթացքում հիվանդի մոտ նկատվում է որոշ ցուցանիշների եւ կյանքի որակի բավականին կտրուկ լավացում:
«Արմենիկում» նախագծի ղեկավար Լեւոն Գեւորգյանի խոսքով` «Արմենիկում»-ի կիրառումից հետո վերանում են ՁԻԱՀ-ի ժամանակ առկա սինդրոմները` տաքություն, թուլություն, մաշկային հիվանդություններ, եւ մարդը վերադառնում է իր առօրյա նորմալ կյանքին:
««Արմենիկումը» բարձրացնում է մարդու կյանքի որակը, իսկ որ որեւէ դեղամիջոց ամբողջովին բուժի ՁԻԱՀ-ը, այդպիսի բան աշխարհում չկա»,- ասաց «Արմենիկում» նախագծի ղեկավարը:




























