Շաբաթաթերթն անդրադարձել է «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողների կողմից Հանրային խորհրդի անդամներին ուղղված բաց նամակին: Այդ, թերթի հետ զրույցում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշել է, թե այդ նամակը շանտաժի էլեմենտներ է պարունակում եւ կարծես բարձր դիրքերից ուղղված խորհուրդներ լինի «հետամնաց» հայ ժողովրդին: Ըստ Իշխանյանի՝ այդպիսի նամակ երբեք չէր գրի օտարերկրացին: «Այդ մարդիկ կարծում են, որ եթե իրենք հասել են ինչ-որ հաջողությունների (չնայած շատ փող ունենալը դեռեւս հաջողության նշան չէ), իրենց կարող են իրավունք վերապահել նման հարցեր լուծել, բացի այդ, թվարկում են, թե ինչեր են արել Հայաստանի համար, մինչդեռ իսկական հայրենասերը երբեք չի շեշտում իր արածները:
Ըստ Իշխանյանի՝ նամակում նշվում է այն միտքը, որ եթե հայ ժողովուրդը չհասկացավ ու չգնահատեց իրենց գործի կարեւորությունը, իրենք այդ գաղափարն այլ երկրում կիրականացնեն: Մինչդեռ իսկապես գաղափարի հաջողությունը կարեւորողն ու հայ ժողովրդի շահերի մասին մտածողը կփորձեր թեկուզեւ այլընտրանքային ճանապարհներով խնդիրը լուծել:




























