Շվեյցարական Rigi Railways  երկաթուղային ընկերությունը որոշել է չինացի զբոսաշրջիկների համար առանձին վագոններ գործարկել: Ինչպես հաղորդում է The Independent-ը, դրա պատճառը ուղեւորների բողոքներն են չինացի հյուրերի պահվածքից: 

Եվրոպացիներին, մասնավորապես, վրդովեցնում է այն, որ չինացի զբոսաշրջիկները, իրենց կարծիքով, չափից ավելի հաճախակի են լուսանկարում տեսարժան վայրերը՝ խնդիրներ ստեղծելով այլ ուղեւորների համար: Շվեյցարիայի բնակիչները նաեւ սովոր են անդորրավետ հանգստի, մինդեռ ՉԺՀ-ից ժամանածները, նրանց կարծիքով, ավելորդ ակտիվություն են դրսեւորում: 

Նշում են, որ նման իրավիճակ է ստեղծվել Շվեյցարական Ալպերում: Վերջին ժամանակներս Չինաստանից շատ զբոսաշրջիկներ են գալիս հանրահայտ Ռիգի լեռը տեսնելու: Եվ վագոններում մշակույթների տարբերության հետեւանքով հաճախ հակամարտություններ են առաջանում:

Rigi Railways-ի ղեկավար Պիտեր Փֆեննիգերը հայտարարել է, որ Ասիայից զբոսաշրջիկների ներհոսքը դրականորեն է ազդում ընկերության վիճակի վրա, բայց    «նրանցից շատերը դժվարություններ են ստեղծում»: Ներկայումս երկաթուղային ընկերության հաճախորդների  գրեթե կեսը ՉԺՀ-ից հյուրեր են:

Տեղական Blick թերթի տվյալներով, մի քանի առանձին վագոն արդեն աշխատում է: Ակնկալվում է, որ սեպտեմբերին դրանց թիվը կհասցվի շաբաթական  20-ի: Ընդ որում, ընկերությունները հավաստիացրել են, որ ասիացի զբոսաշրջիկներին չեն ստիպի միայն դրանցից օգտվել: Նրանց համար հասանելի կլինեն նաեւ «սովորական» վագոնները, փոխանցում է RT-ը: