Բասկերը հին հողագործների սերունդներ են, որոնք միախառնվել են որսորդությամբ եւ հավաքչությամբ զբաղվող տեղաբնակների հետ եւ դրանից հետո հազարամյակներ շարունակ ապրել մեկուսի։ Նման եզրակացության են եկել Շվեդիայի Ուպսալի  համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը ղեկավարել է Մատիաս Յակոբսոնը։

Հնէաբանները հաշվարկել են Իսպանիայի հյուսիսում՝ Բասկերի երկրի Էլ Պորտալոն անձավում հայտնաբերած 8 մարդկանց մնացորդների գենոմային հաջորդականությունը։ 

Հայտնաբերված մնացորդների մեջ կան 5500-3500 տարի առաջ Պղնձի եւ Բրոնզի դարի վաղ հողագործների նմուշներ։ Սակայն հայտնաբերվել են նաեւ հավաքչությամբ զբաղվող որսորդների կմախքներ։ Ստացված գենոմները գիտնականները համեմատել են տարբեր ժամանակներում Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայում հայտնաբերած մնացորդների գենոմների հետ։ Անալիզը ցույց է տվել, որ այդ տեղանքի բնակիչները ունեցել են ինչպես հավաքչությամբ զբաղվող որսորդների, այնպես էլ հողագործների գեներ, հայտնում է «Աշխարհի շուրջ» ամսագիրը։

Յակոբսոնի եւ նրա գործընկերների կարծիքով՝ բասկերն իրոք մեկուսացած ազգ են եղել, բայց այդպիսին նրանք չեն դարձել Եվրոպայում հողագործության տարածման առաջին ալիքի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ նրանց նախնիները հաստատվել են Կենտրոնական Եվրոպայի եւ Հյուսիսային Աֆրիկայի ֆերմերների հետագա հոսքի ժամանակ՝ 5000 տարի առաջ։ Ժամանակակից բասկերի գենոմում բացակայում են համատեղ գոյակցության հետքերը, ինչն օրինակ առկա է իսպանացիների եւ պորտուգալացիների մոտ, ովքեր պահպանել են այդ ներգաղթյալների գենոմի 10-25 տոկոսը։