ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Օքլենդ քաղաքի կենդանաբանական այգին աճուրդի կհանի իր կենդանիների նկարած կտավները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Աճուրդի հանված գործերի թվում կլինեն փղերի, ընձուղտների, լեմուրների եւ սուրիկատների եւ անգամ խավարասերների նկարած կտավները։ Աճուրդից ստացված գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով։

Փղերը վրձինը բռնել են կնճիթով, ընձուղտները՝ բերանով, սուրիկատներն ու լեմուրները՝ վերջույթներով, իսկ խավարասերներին ուղղակի բաց են թողել կտավի վրա՝ նախապես նրանց թաթերը թաթախելով ներկի մեջ։

Ընդհանուր առմամբ eBay-ում վաճառքի կհանվի 32 կտավ։ Աճուրդը մեկնարկում է հինգշաբթի եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը։