Եթե Սարսանգի ջրամբարի հարցը դիտարկվում է սոցիալական հարթության վրա՝ որպես ջրի պակասի խնդիր, խորամուխ չլինելով արցախյան խնդրի քաղաքական բնույթի մեջ, ապա հարցի շուրջ սոցիալական լուծում են առաջարկել հենց Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները: Այս մասի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ին ԵԽԽՎ նշված Հանձնաժողովի նիստի օրակարգում Սարսանգի ջրամբարի հարցը ներառված չի եղել: «Ամենայն հավանականությամբ, այդ հարցը Հանձնաժողովի նիստում կքննարկվի սեպտեմբերի վերջին, ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստի շրջանակում»,- նշեց Նաիրա Կարապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ արցախյան իշխանությունների կողմից բազմիցս կոչեր են հնչել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները համատեղ օգտագործելու մասին: «Մելիսա Մարկովիչն արդեն եղել Ադրբեջանում, այնտեղ համապատասխան փաստեր հավաքել: Հիմա Լեռնային Ղարաբաղի հերթն է, տեսնենք, արդյո՞ք նա կժամանի Արցախ, թե ոչ: Դա պետք է որոշեն ԼՂՀ իշխանություններն ու ԵԽԽՎ քարտուղարությունը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը նախանշված է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը, Ստրասբուրգում: