Արցախի մի խումբ հասարակական գործիչներ եւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ սեպտեմբերի 15-ին հայտարարություն են ընդունել Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
Բարեկամության շրջանակի ղեկավար է ընտրվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին,
Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,
Նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,
Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին»:





























