«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին, որը հայտարարել էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն իրեն ու կնոջը իրենց տան մեջ ծեծի են ենթարկել,  հարևաններն արդեն 1 ամիս է` չեն տեսել, իսկ նրա մորը` տիկին Ջուլիետային, վերջին անգամ մի քանի օր առաջ են տեսել։

Հարեւանները NEWS.am–ին պատմեցին, որ Վահան Մարտիրոսյանի տանը միշտ կռիվ ու ծեծկռտուք է եղել, երբեմն նույնիսկ մայրը իրենց է օգնության կանչել։

Վահան Մարտիրոսյանի ընտանիքը վերջին տարիներին էր բնակվում այդ տանը։

Նշենք, որ այսօր ադրբեջանական АPA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանն իր և իր ընտանիքի անվտանգության համար հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան  խնդրել Ադրբեջանից: Նույն աղբյուրը պնդում է, որ վաղը Վահան Մարտիրոսյանը Բաքվում ասուլիս է տալու։ ՀՀ ԱԱԾ–ն իր հերթին, NEWS.am-ին ասել է, որ դեռ ստուգում են Վահան Մարտիրոսյանի եւ նրա կնոջ` Ադրբեջան անցնելու լուրի իսկությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ oգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ իրեն ու կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները: Մհեր Սեդրակյանն այս տեղեկությունը հերքել էր։ Ոստիկանությունն ավելի ուշ պարզել էր, որ այդ օրն իրականում Վահան Մարտիրոսյանի ընտանիքում է վեճ տեղի ունեցել։

Դրանից հետո Վահան Մարտիրոսյանի ծանոթներից Ռուզան Մարգունին դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ Մարտիրոսյանին ու նրա կնոջը մի քանի օրով հյուրընկալել է իր տանը, ինչից հետո հայտնաբերել է, որ տնից 3820 դոլար է անհետացել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։