Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի համար փակ չեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:

«Բոլորը տեղյակ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի սեպտեմբերին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի համար փակ չեն»,-ընդգծել է դեսպանը:

Քիսլերն ասել է, թե հիմա նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում՝ համոզմունք հայտնելով, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։

Դեսպանը դժվարացել է նոր փաստաթղթի ստորագրման ստույգ ժամկետներ նշել: «Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, միայն գիտեմ, որ Եվրամիության կողմից այս ուղղությամբ արվում է հնարավորը: Գերմանիան, որպես Եվրամիության անդամ երկիր, շահագրգիռ է, որ փաստաթղթի ստորագրումն իրականանա որքան հնարավոր է շուտ»,-ասաց Մաթիաս Քիսլերը: