Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական կողմը իրականացրել է որոշակի գործողություններ, բայց միայն դրանով չէ, որ կարող ենք մեզ համար շահեկան բանաձեւեր ու հայտարարություններ ապահովել այդ  հարթակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանն` անդրադառնալով ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում քննարկվող երկու հակահայ բանաձեւերին:

Նշենք, որ ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում քննարկվելու է երկու հակահայ  բանաձեւի նախագիծ` Սարսանգի ջրամբարի  հարցը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով եւ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով:

«Տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակություններ ու քաղաքական խմբեր կան, որոնք ունեն իրենց շահերը, առաջնահերթությունները, որոնք վերաբերում են այս կամ այն պետության հետ ունեցած իրենց հարաբերություններին: Իհարկե, կարող են լինել նաեւ կոռուպցիոն դրսեւորումներ, այդ մասով ունենք նաեւ որոշակի տվյալներ ԵԽԽՎ-ում ներկայացված առանձին գործիչների մասին, որոնք պետք է ստուգել: Ադրբեջանական տարբեր կազմակերպությունների հետ ունեցած առնչությունները նկատի ունեմ»,-ասաց նա:

Նահապետյանը կարեւորեց այս հարթակում Հայաստանի պատվիրակության աշխատանքների ակտիվացումը:

Հարցին, թե ակտիվացնելու անհրաժեշտության մասին պնդումները արդյոք չեն վկայում, որ հակահայ բանաձեւերը ոչ պատշաճ աշխատանքի կամ պասիվության հետեւանք են եղել, ինչը ստիպում է վերանայել աշխատաոճը, Նահապետյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք ակտիվացնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ եղել ենք պասիվ: Այն ինչ որ իրականացվել է մինչ այս պահը, ունի իր գնահատականը, բայց դրանով բավարարվել մենք այսօր ակնհայտորեն չենք կարող, եւ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսների ներգրավվում` այդ թվում մարդկային, հետեւողական նոր միջոցառումների իրականացում եւ ԵԽԽՎ պատվիրակների հետ կապերը սերտացնելու, մեր դիրքորոշումներն ու շահերը հավուր պատշաճի ներկայացնելու վերաբերյալ: Առանձին դեպքերում հայտնի է, որ առանձին պատվիրակներ անգամ տեղյակ էլ չեն մեր տարածաշրջանի իրական զարգացումներից, ԼՂՀ հակամարտության պատճառներից ու կարգավորման շուրջ ընթացող բանակցություններից»,-դժգոհեց Կորյուն Նահապետյանը: