Ճապոնիայի Գերագույն դատարանը մերժել է մանկապիղծի «մոռացության իրավունքի» եւ Google-ի որոնման համակարգում իր հանցագործության մասին հիշատակումները հեռացնելու խնդրանքը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ճապոնացին, ում անունը չի հաղորդվում, Google-ից պահանջել է հեռացնել իր կալանավորման եւ մանկական մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքների վերաբերյալ 4-ամյա վաղեմության նորությունները: Նա մեղավոր է ճանաչվել եւ վճարել 4,4 հազար դոլարի տուգանք:

Գերագույն դատարանը որոշել է, որ մարդիկ պետք է իմանան, որ տղամարդը նախկինում լուրջ վտանգ է ներկայացրել: Google-ում աջակցել են դատարանի որոշմանը՝ նշելով, որ տեղեկատվության հեռացման ցանկացած որոշում պետք է ընդունվի հանրության համար դրա նշանակությունը գնահատելուց հետո:

Պարբերականը նշել է, որ 2016-ի հունվարից սեպտեմբեր Ճապոնիայի 50 բնակիչներ շրջանային դատարաններ են դիմել «մոռացության իրավունքի» հիման վրա Google-ի որոնման համակարգից տվյալները հեռացնելու պահանջով: